Մայիսի 10-ին Կարապի լճի շրջակայքում կմեկնարկի ազգային հագուստների համահայկական փառատոնը: Կցուցադրվեն դեկորատիվ-կիրառական արվեստի այն տեսակները, որոնք առավել ցայտուն են արտահայտում ազգային մտածողությունը, կոլորիտը, ավանդույթներն ու հավատալիքները:
Ազգային հագուստների փառատոնն անցկացվում է առաջին անգամ` «Տերյան» մշակութային կենտրոն հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Ցուցադրվելու է «Տարազ Արտ» նախագծի շրջանակում ստեղծված շուրջ քառասուն տարազ: Կենտրոնի ծրագրերի կազմակերպիչ ԱՍՏՂԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ նպատակ ունեն համաքաղաքային տոնակատարություն կազմակերպելու, որին կմասնակցեն երիտասարդությունը, զբոսաշրջիկները, հանրությունն` առհասարակ: Ծրագրում ներգրավված են նաև ազգային փոքրամասնությունները: Առանձին տաղավարներով իրենց մշակույթը կներկայացնեն Հայաստանում բնակվող հույները, ասորիները, բելառուսները, վրացիները, գերմանացիները, եզդիները, քրդերը:
Մշակութային յուրատեսակ միջոցառման հեղինակը «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանն է, ում նախաձեռնությամբ էլ կենտրոնը, իր հիմնական գործունեությանը զուգահեռ, զբաղվում է տարազների ստեղծմամբ: Աստղիկ Պետրոսյանը նշեց, որ համագործակցում են ազգագրագետների, տարազագետների հետ. «Հավաքածուն ստեղծվել է կենտրոնի անձնակազմի աշխատանքի շնորհիվ: ՈՒզում ենք վերծանել այն, ինչ ունենք թանգարաններում: Չենք կարող կրկնօրինակել նույնությամբ, որովհետև 100 տարի առաջ բոլորովին ուրիշ կտորներ, թելեր են գործածվել: Փորձում ենք շատ մոտ կտոր գտնել, գրեթե նույնությամբ վերծանել ձևը, գործվածքը, գունային համադրությունները, կարատեսակը: Հավաքածուի 40 հագուստներից թանգարանային են մոտ տասը: Մնացածը ոճավորված են: Հնի ու նորի համադրումը հնարավորություն է տալիս դրանք կիրառելի դարձնելու նաև առօրյայում»: Զրուցակցիս համոզմամբ` ինչը մեզ հասել է, իրավունք չունենք կորցնելու, պետք է պահպանենք ու փոխանցենք սերունդներին: Տարազների համահայկական տոնահանդեսը խոստանում է դառնալ ամենամյա: Մայիսին կայանալիք անդրանիկ միջոցառմանը նախատեսվում են նաև ազգային պարի ցուցադրում, ազգային խաղեր, բեմադրություն, երգ ու պար:
Փառատոնն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնի գործընկերներն են «Սարի աղջիկ» նախագիծն ու «Մարաշլյան» ֆոտոստուդիան, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթը, ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների համայնքները, «Մեգերյան կարպետ» ԲԲԸ-ն, մոդելյոր-դիզայներներ Գևորգ Շադոյանը, Արամ Նիկոլյանը, հայ երգարվեստի ներկայացուցիչներ:
-Ի՞նչ դժվարություններ կան «Տարազ Արտ»-ի գործունեության հետ կապված:
-Մեկ հագուստը մի քանի կտորից է բաղկացած, և բավական ծախսատար է վերծանումը: Դրա համար մենք նախընտրում ենք ոչ թե թանգարանային, այլ ոճավորված հագուստը: Օրինակ, ձեռագործ աշխատանքը փոխարինում ենք բատիկով, որն անհամեմատ քիչ ժամանակ ու ծախս է պահանջում:
-«Վերնիսաժում», առևտրի տարբեր սրահներում վաճառվում են ազգային տարրերով զարդեր, հագուստ: Ինչո՞վ են տարբերվում ձեր առաջարկած նմուշները:
-Եթե նկատել եք` «Վերնիսաժում» վաճառվող գոգնոցները, գոտիները, աքսեսուարները կարված են էժանագին կտորից, որը բերվում է Թուրքիայից: Դա ավելի շատ բիզնեսի դաշտից է, մենք ուզում ենք ներկայացնել ազգային մշակույթը, ավանդական հագուստն այնպես, ինչպիսին եղել է:
-Ինչպես նկատել էիք զրույցներից մեկում, ազգային հագուստը, զարդանախշերը որոշակի խորհուրդ են ունեցել: Մեր օրերում դրանք կրելու են ավելի շատ ինքնատիպ երևալու համար` խորհուրդներին անտեղյակ: Իսկ հնաոճ երևալու վտանգ չկա՞:
-Եթե համադրությունը ճիշտ է, ճաշակով, ոճային, այն վստահաբար կհամարվի ժամանակակից ու գեղեցիկ:
-Տղամարդիկ կարծես թե ազգային հագուկապով առանձնապես չեն հետաքրքրվում:
-Տղամարդիկ պահպանողական են, կանայք ավելի ազատ են, ճկուն ու ավելի խնամված: Ի դեպ, հարսանիքների համար երբեմն ազգային տարազներ են պատվիրում` հարսի ու փեսայի համար: Համագործակցում ենք նաև ազգագրական պարային խմբերի, երգչախմբերի հետ` նրանց համար կարելով ազգային հագուստներ:
-Արտասահմանում միջոցառումներ կազմակերպո՞ւմ եք, պահանջարկ, հետաքրքրություն կա՞ օտարազգիների կամ տեղի հայերի շրջանում:
-Մեր տարազները ցուցադրելու ենք Փարիզի, Սանկտ Պետերբուրգի, Լեհաստանի հայ համայնքներում: Նպատակ ունենք համատեղ կազմակերպելու միջոցառումը, տարազները կցուցադրեն հայ համայնքի երեխաները, պարային խմբերը: Դա ավելի ազդեցիկ ու շոշափելի կդարձնի շփումը ազգային մշակույթի հետ: Փարիզի հայկական դպրոցի աշակերտները մեր կենտրոնում արդեն նման միջոցառման մասնակցել են: Երեխաները ցուցադրեցին հագուստը, գորգ գործեցին, բատիկ նկարեցին: Հուզված էին ու անչափ ուրախ:
-Ցեղասպանության 100-րդ տարելիցին միջոցառում նախատեսո՞ւմ եք:
-Մշակույթի նախարարությանը ներկայացրել ենք մեր ծրագիրը: Հանդիսավոր համերգ ենք կազմակերպելու տեղի և դրսի հայ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ, որն ուղեկցվելու է տարազների ցուցադրությամբ: Մինչ այդ մեր հավաքածուն ավելի կշատանա:
Հարցազրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ